29/10/2019 11:49
Չեմ կարծում, որ Մերձավոր Արևելքում ուժերի խիստ փոփոխություն է գրանցվել. իրանագետ
Չեմ կարծում, որ Մերձավոր Արևելքում ուժերի խիստ փոփոխություն է գրանցվել, որովհետև իրականության մեջ Թուրքիան իր նպատակին հասել է մասնակիորեն՝ իր նախանշածի մոտ 30 տոկոսով, «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» խորագրով քննարկման ժամանակ այսօր ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ամեն դեպքում, Սիրիա-Թուրքիա սահմանի այն հատվածը, որը նախատեսված էր թուրքական վերահսկողության տակ առնել, այդպես էլ վերահսկողության տակ չվերցվեց։ Թուրքիան սահմանագիծը վերահսկում է հատվածաբար։ Նա կարողացել է լոկալ մակարդակներում լուծել իր առջև դրված խնդիրը», - ասաց բանախոսը։
Անդրադառնալով Սիրիայում Իրանի ներկայությանը՝ Վարդան Ոսկանյանը նկատեց, որ այդ երկիրն ունի դիվանագիտական կարևոր լծակներ՝ ազդելու Սիրիայում առկա իրավիճակի վրա։
«Կարևոր լծակներից մեկն Ադանայի համաձայնագիրն է, որը կնքվել է Իրանի «կնքահայրությամբ»։ Այդ փաստաթուղթը Իրանին թույլ է տալիս այն օգտագործել որպես իմիջային կարևոր գործոն՝ վերահսկողության տեսանկյունից», - նշեց իրանագետը։
Ամփոփելով խոսքը՝ Վարդան Ոսկանյանը շեշտեց, որ Սիրիայում գործ ունենք մի քանի խաղացողի հետ, որոնցից յուրաքնաչյուրն ունի իր շահը։
«Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «հայկական գումարտակին», ապա այն ընդամենը քարոզչական խայծ է և շարունակում է կիրառվել մեր դեմ», - իր խոսքը եզրափակեց բանախոսը։