30/10/2019 09:53
«Ժողովուրդ». Ստամբուլյան կոնվենցիայի նկատմամբ կարծրատիպերի հաղթահարման վերաբերյալ քննարկման օր ու ժամ է որոշվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Որքան էլ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը օգոստոսի 26-ին վստահեցրել էր, թե «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիա) ԱԺ-ում այս տարի չի քննարկվի, և որ դիմել է Վենետիկի հանձնաժողովին, որի կարծիքը ստանալուց հետո էլ քննարկումներ կլինեն գործադիրում, այնուամենայնիվ, նոյեմբերի 1-ին կկայանա ԱԺ պետաիրավական հարցերի, արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցելու են նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Երևան են ժամանելու ԵԽ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի (GREVIO/ԳՐԵՎԻՈ) ղեկավար Մարսելինե Նաուդին, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Էրիկ Հելգեսեն, նաև ԵԽ Մարդու իրավունքների և գենդերային հարցերի գրասենյակի ղեկավար Դանիել Կանջեմին` տեղում քննարկելու կոնվենցիայի նկատմամբ կարծրատիպերն ու դրանց հաղթահարման հնարավորությունները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` եվրոպացիների առաջարկով այս քննարկումը կազմակերպելու բանակցությունները հայկական կողմի հետ բավականին երկար են տևել, ի վերջո գտնվել է բոլորին հարմար օրն ու ժամը»։