30/10/2019 12:20
Սրանից կոպիտ ի՞նչ պետք է ասեին, հո չէի՞ն հայհոյելու. Պատգամավորը՝ Բուքիքիոյի հայտարարության մասին
Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը կոշտ դրսևորում է, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Այն, որ այդտեղ կար կոպիտ գնահատական, և դա ամենևին չի բխում ՀՀ հեղինակության շահերից, ակներև է։ Մենք պետք է ուշքի գանք, փորձենք շեշտը դնել տնտեսական, սոցիալական արժեքների հեղափոխության վրա։ Անիմաստ ձերբակալությունները, կալանավորումները և դատավարություններ ձգձգելը չեն բխում ՀՀ շահերից», - ասաց նա։
Գևորգ Պետրոսյանի համոզմամբ՝ Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունից պարզ է դառնում, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարր կա։
«Սրանից կոպիտ ի՞նչ պետք է ասեին, հո չէի՞ն հայհոյելու։ Ձերբակալություններով, կալանավորումներով ինչի՞ ենք հասնելու։ Բավական է ժողովրդին շոուներով կերակրել։ Դա շատ կարճաժամկետ քայլ է։ Լրջանալու ժամանակն է, պետք է մտածել ժողովրդի մասին», - ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն ավելի վաղ հայտարարել էր՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հարվածների տակ է։