30/10/2019 08:55
Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ. վարչապետը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատմական քվեարկությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից համապատասխան բանաձեւի ընդունումը։
«Ողջունում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատմական քվեարկությունը։ Բանաձեւը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաև մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին։ Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն ու հիացմունքն ուղղված ամերիկահայերի սերունդներին, ում անձնազոհ քաղաքական եւ հասարակական գործունեությունն ու հաստատակամությունն էին այս պատմական քվեարկության շարժիչ ուժը եւ ոգեւորությունը։ Այլեւս երբեք», - նշել է վարչապետ Փաշինյանը։
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։