30/10/2019 11:48
Վաշինգտոնը Հայոց ցեղասպանությունը կճանաչի միայն, երբ այն ընդունի ԱՄՆ գործադիր իշխանությունն՝ ի դեմս նախագահի. Սուրեն Սարգսյան
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևն օրենքի նախագիծ չէ, որպեսզի քվեարկվի և ուղարկվի Սենատ, այնուհետ Սենատում ընդունվի և ուղարկվի նախագահի վավերացմանը։ Սա ընդամենը հայտարարության տեքստ է, որով ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներից մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Միաժամանակ, չպետք է մոռանալ, որ Սենատում ևս նմանատիպ նախաձեռնություն կա, և շրջանառության մեջ է դրվել բանաձև, որի տեքստը բավական նման է ընդունված բանաձևի տեքստին։ Հավանական է, որ Սենատը մոտ ժամանակներում ևս կարողանա քվեարկել և անցկացնել նշված բանաձևը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Այս դեպքում կստացվի, որ Միացյալ Նահանգների օրենսդիր մարմինը՝ երկու պալատները մեկտեղ, կճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Սա, իհարկե, բացարձակապես չի նշանակում, որ ճանաչումը դառնալու է ԱՄՆ արտաքին քաղաքականության մասը։ Այդ պարագայում անգամ չենք կարող պնդել, որ Միացյալ Նահանգները ճանաչել է Ցեղասպանությունը։ Այդ երկիրը Հայոց ցեղասպանությունը կճանաչի միայն այն ժամանակ, երբ Ցեղասպանությունը կճանաչի ԱՄՆ գործադիր իշխանությունն՝ ի դեմս նախագահի, ով կօգտագործի «ցեղասպանություն» բառը և այդ բառի օգտագործման տաբուն կհանի բոլոր պետական պաշտոնյաների վրայից։ Այդ ժամանակ մենք գործ կունենանք մի իրավիճակի հետ, երբ Ցեղասպանությունը կարող ենք ԱՄՆ կողմից ընդունված և ճանաչված համարել», - նշեց Սուրեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ բոլոր ընթացակարգերից հետո «ցեղասպանություն» եզրույթը Դոնալդ Թրամփի կողմից պետք է կիրառվի ոչ թե մեկ անգամ, այլ պարբերաբար՝ դառնալով ԱՄՆ արտաքին քաղաքականության բաղադրիչը։
Հարցին՝ արդյոք Սենատում ուրվագծվում են համանման բանաձևի ընդունման ամենամոտ ժամկետները, միջազգային իրավունքի մասնագետը խիստ հավանական համարեց, որ բանաձևը քվեարկվի առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում։
«Հարյուր սենատորներից արդեն մի քանիսը միացել են բանաձևին, այնպես որ այնտեղ փաստաթղթի ընդունման հավանականությունը բավականին մեծ է», - ընդգծեց քաղաքագետը։
Ի՞նչ կարող է տալ Հայաստանին ԱՄՆ կողմից Ցեղասպանության լիարժեք ճանաչումը, արդյոք կարո՞ղ են Թուրքիայի նկատմամբ կոշտ պատժամիջոցներ կիրառվել: Սուրեն Սարգսյանը պատասխանեց՝ պատժամիջոցներ չեն լինի, սակայն կասկածից վեր է, որ Միացյալ Նահանգների կողմից ճանաչումը շղթայական ռեակցիա կառաջացնի, և ԱՄՆ-ի օրինակին կհետևեն մի շարք երկրներ ևս։
«ԱՄՆ կողմից ճանաչումից հետո որևէ մեկը չի կարող ժխտել Հայոց ցեղասպանությունը՝ որպես կատարված փաստ։ Սա, կարծում եմ, ամենակարևոր ձեռքբերումն է, որ մենք կարող ենք ակնկալել։ Ավելին ակնկալելու կարիք և անհրաժեշտություն, կարծում եմ, չկա», - նշեց քաղաքագետը։
Նա նաև քիչ հավանական համարեց, որ Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի՝ Սենատի կողմից ընդունվելուց հետո ԱՄՆ նախագահ Թրամփը չարտաբերի «ցեղասպանություն» եզրույթը։
«ԱՄՆ ադմինիստրացիայի քաղաքականությունն այս հարցի վերաբերյալ հստակ է։ «Ցեղասպանություն» բառի գործածումը տեղի չի ունենում, քանի որ բարեկամական Թուրքիան բավականին կոշտ կարձագանքի դրան։ Սակայն հաշվի առնելով այս փուլում թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները՝ ԱՄՆ վարչակարգի կողմից չպետք է բացառել որոշակի գործողություններ՝ հղում անելով Կոնգրեսի քայլերին», - նշեց Սուրեն Սարգսյանը։