30/10/2019 10:13
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ընդունված բանաձևը հստակ ուղերձ է ամբողջ աշխարհին. Տիգրան Ավինյան
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ժամեր առաջ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 296 պատմական բանաձևը։
«Սա հստակ ուղերձ է ամբողջ աշխարհին, որ մարդկության դեմ հանցագործությունները երբեք չեն մոռացվում և չեն մոռացվի, կարևոր քայլ պատմական արդարությունը վերականգնելու և ժխտողականության դեմ պայքարի հարցում, ինչպես նաև հարգանքի տուրք Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Այսպիսով ԱՄՆ-ն ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունը համամարդակային արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը և նոր ցեղասպանությունների կանխարգելմանը։
Շնորհավորում եմ աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին, հատկապես ամերիկահայ համայնքին, ովքեր սերնդեսերունդ պայքարել են այս օրն իրականություն դարձնելու համար: Շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին և բարեկամ ամերիկացի ժողովրդին», - Facebook-յան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։