30/10/2019 10:42
Հայ ժողովուրդը և նրա արցախյան հատվածը միշտ աչքի են ընկել իրենց մտավոր ներուժով. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին ուղերձ է հղել «Սահմանելով կրթության նոր տեսլականը» կրթական ֆորումի մասնակիցներին:
Բակո Սահակյանի ուղերձում ասված է.
«Կրթության ոլորտը, իր առջեւ դրված խնդիրների յուրահատկությունից ելնելով` կապված մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության հետ, լուծում է ոչ միայն այսօրվա խնդիրները, այլ նաեւ մեծապես կանխորոշում է երկրի ապագան: Այդ իսկ պատճառով ոլորտն ունի առանձնակի դերակատարություն եւ նշանակություն մեր ժողովրդի ու պետության համար:
Հայ ժողովուրդը եւ նրա արցախյան հատվածը միշտ աչքի են ընկել իրենց մտավոր ներուժով: Մեր հայրենակիցները գիտության տարբեր ասպարեզներում հասել են մեծ բարձունքների, ճանաչում են ձեռք բերել ոչ միայն հայրենիքում, այլեւ նրա սահմաններից դուրս:
Այդ ներուժի բացահայտումը, զարգացումը եւ կիրառումը պահանջում են համակարգված աշխատանք, սերտ փոխգործակցություն մայր Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, տարբեր երկրների գիտա-կրթական հաստատությունների հետ գործնական կապերի հաստատում եւ խորացում, առաջատար փորձի կիրառում:
Այս տեսանկյունից կարեւոր ու պահանջված է գիտական համաժողովների, սեմինարների եւ քննարկումների կազմակերպումը, ինչը հնարավորություն է տալիս ավելի խորը եւ համապարփակ ձեւով դիտարկել ոլորտում առկա խնդիրները, մշակել դրանց լուծման արդյունավետ տարբերակներ, մշտական կապ պահպանել ինստիտուցիոնալ եւ անհատական հարթություններում»։