30/10/2019 13:42
Ի գիտություն ենք ընդունել Բուքիքիոյի դիտարկումները. պատրաստ ենք փարատել կասկածները. Արդարադատության նախարար
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ողջունում է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունը։
«Ի գիտություն ենք ընդունել իր դիտարկումները։ Ես էլ եմ կարծում, որ, ի վերջո, ճգնաժամը պետք է հանգուցալուծում ունենա Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակով», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
Ռուստամ Բադասյանը նշեց, որ միշտ է տեսնում փոխադարձ հարգանքի անհրաժեշտություն։
«Սակայն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի խնդիր չէ, այլ՝ ՍԴ նախագահի կասկածելի ընտրության, կասկածելի հանգամանքների բերումով որպես նախագահ ընտրվելու արդյունք է, որը չի ծագել այսօր, այլ ծագել է հենց այն ժամանակ, երբ ինքն ընտրվել է այդ պաշտոնում», - նշեց Ռուստամ Բադասյանը։
Նախարարի խոսքով՝ առհասարակ, Սահմանադրական դատարանում ճգնաժամը մինչև վերջ կլուծվի, երբ բարեփոխումներ կլինեն։
Հարցին՝ Հրայր Թովմասյանի հրաժարականը ճգնաժամը կլուծի՞, նախարարն ասաց, թե դժվարանում է պատասխանել։
«Կարծում եմ՝ վաղ կենսաթոշակի ներդրումից հետո կտեսնենք, թե քանի դատավոր է ուզում հրաժարական դա այդ սխեմայի շրջանակում, ու ես մեծապես կարևորոոմ եմ ՍԴ-ի կազմի թարմացումը», - ասաց նա։
Հարցին, թե ո՞ւմ էր ուղղված Բուքիքիոյի հայտարարությունը, նախարարն ասաց, որ հայտարարությունն ուղղված էր բոլոր սահմանադրական մարմիններն։
Նա ասաց, թե Վենտեիկի հանձնաժողովի նախագահի հարցազրույցը չի կարող մեկնաբանել, որովհետև հիմք է ընդունում պաշտոնական հայտարարությունը։
«Հայտարարության մեջ ինչ նշված է, ես նորից եմ ասում, ողջունում եմ, ընդունել ենք ի գիտություն, ինչ վերաբերում է՝ ճնշումներ կան, թե ոչ, մենք կարող ենք ունենալ մտահոգություն ճնշումների հետ կապված, եթե կլինի նման մտահոգություն կամ կասկած, մենք պատրաստ ենք փարատել այդ կասկածները», - ասաց նախարարը՝ վստահեցնլով, թե որևէ ճնշում որևէ անձի նկատմամբ չի կատարվել։
Ավելի վաղ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մի քանի ամիս է` ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին և շատ մտահոգված է մի կողմից Կառավարության և ԱԺ, մյուս կողմից՝ ՍԴ-ի միջև առկա կոնֆլիկտի փաստով: Վենետիկի հանձնաժողովի նախագահն արձանագրել է, որ իրադարձությունների արագ հաջորդականությունը չի նպաստում խնդրի կարգավորմանը: