30/10/2019 11:54
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար կնշանակվի Խավիեր Մինյանոն
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար կնշանակվի հավաքականի ֆիզպատրաստության գծով մարզիչ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խավիեր Մինյանոն, այս մասին հաղորդում է Telegram-ի Notes of the Dark Knight ալիքը։
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո չի կարողանում մարզիչ գտնել և, ամենայն հավանականությամբ, մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Խավիեր Մինյանոն։
Նշվում է նաև, որ ՀՖՖ-ն հակված է այս թեկնածությանը, քանի որ այլ տարբերակներ այս պահին, ըստ էության, չկան։
«Առջևում երկու հանդիպում է Հունաստանի և Իտալիայի ազգային հավաքականների դեմ: ՀՖՖ-ն այս խաղերին գլխավոր մարզչի պաշտոնն առաջարկել էր «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանին, սակայն վերջինս մերժել է»,-գրել է ալիքը։
Մինյանոյի մասին հայտնի է, որ նա եղել է Վիսենտե դել Բոսկեի օգնականը: 11 տարի աշխատել է «Ռեալում» ՝ երկու անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայում (2000, 2002): Նա 8 տարի եղել է Իսպանիայի հավաքականի մարզչական շտաբի կազմում ՝ դառնալով աշխարհի (2010) և Եվրոպայի (2012) չեմպիոն։
Բացի այդ, Մինյանոն աշխատել է «Բեշիքթաշի», «Ռասինգի» և Հարավային Կորեայի հավաքականի հետ:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 18-ին հայտարարվեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարիզչ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականի մասին։ Հրաժարականի պատճառն այն էր, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։