31/10/2019 16:14
Իմ նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու. ԿԳՄՍ նախարարը՝ Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմի մասին
Այս ինշխանության ժամանակ է այս ֆիլմի հատկացումը հաստատվել, ճիշտ է՝ ոչ իմ, բայց էական չի, թե որ նախարարի օրոք է եղել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանման համար հատկացված 20 մլն դրամին՝ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Այո՛, ես ասել եմ ու ասում եմ՝ դա իմ պաշտոնավարման օրոք չի եղել, բայց դրան ավելացնում եմ շատ կարևոր բայց. իմ նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու, սա բոլորը թող շատ հստակ ընկալեն: Ու եթե գեղագիտական խորհուրդները, որոնցում ընդգրկված են անվանի մասնագետներ, որոշում են կայացնում, որ տվյալ գործը՝ կլինի ֆիլմ, քանդակ, թատերական ներկայացում, արժանի է, որ պետությունը դրան ուշադրություն դարձնի՝ թեկուզ տվյալ գործի 10 տոկոսով, ուրեմն այդ գեղագիտական խորհրդի որոշումներն ի կատար են ածվելու: Սա բոլորը թող շատ հստակ իմանան», - նշեց նա:
Նախարարն ընդգծեց՝ Հայաստանում այլևս չի լինելու սատանիզմի հիմքով, այլ մտացածին հիմքերով համերգներ չեղարկելը: Արվեստը լինելու է ազատ, որովհետև անկախ պետության կարևորագույն գրավականներից մեկն ազատ արվեստն է: Ոլորտի գերատեսչության ղեկավարի խոսքով՝ որոշ մարդիկ, ովքեր փորձում են քաղաքական դիվիդենտներ հավաքել, հետադիմության առաջամարտիկներ են:
«Այո՛, մարդիկ կարող են որոշակի սկզբունքներից ելնելով՝ ասել, որ այս արժեքն իմը չէ: Մենք պետք է հարգանքով մոտենանք մեր այդ քաղաքացիներին, այդ խմբերին: Բայց արվեստում ցենզուրա սահմանելն անթույլատրելի է», - շեշտեց նա:
Ա. Հարությունյանը հիշեց՝ նախկին իշխանությունները քննադատությամբ էին հանդես եկել նաև ամիսներ առաջ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ԼԳԲՏ թեմայով ֆիլմի ցուցադրումից հետո:
«Բայց հանկարծ պարզվեց, որ նախկինում էլ «Ոսկե ծիրանի» ժամանակ նմանատիպ ֆիլմեր ցուցադրվել են: Նախկինների քննադատություններին շատ ուշադրություն մի դարձրեք, իրենց թողնես՝ ամեն ինչ կքննադատեն», - ասաց նախարարը: