31/10/2019 11:09
2020-ի համար Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակը ներկայացրել է 775 մլն դրամի բյուջետային հայտ
Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակը 2020 թվականի համար ներկայացրել է 775 մլն դրամի բյուջետային հայտ:
«2020 թվականի ծրագրերը երկու ուղղությամբ կիրականացվեն՝ Հայաստան-Սփյուռք գործակցության իրականացում և ՀՀ զարգացման գործըթացներում Սփյուռքի ներուժի ներգրավում», - խորհրդարանում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նա նշեց, որ 2020 թվականին կշարունակվի «Մեր քայլ դեպի տուն» ծրագիրը, որի ընթացքում մոտ 140 մլն դրամ կտրամադրվի: Ծրագրի շրջանակում կհյուրընկալվեն 13-22 տարեկան մինչև 800 երիտասադ: Նախատեսվում է նաև մասնակիցների այց կազմակերպել Արցախ:
Երիտասարդ առաջնորդների՝ Հայաստանում վերապատրաստման ծրագրի համար գրասենյակը առաջարկում է 450 մլն դրամ տարամադրել: Ծրագիրը կտևի 2 շաբաթ և կներառի 40 մասնակից:
Սինանյանը նշեց, որ 2020 թվականին նախատեսվում է նոր ծրագիր գործարկել, որի շրջանակում պրակտիկա կկազմակերպվի Հայաստանի հանրային ոլորտում սփյուռքահայ երիտասարդների մասնագետների համար:
«Նրանց մասնագիտական հմտությունները կնպաստեն նորարարական գաղափարիների լայնածավալ հետազոտությունների իրականացմանն ու նրանց փորձը կկիրառվի ՀՀ պետական մարմիններրի աշխատանքներում: Պրակտիկան նաև հիմք կլինի պոտենցիալ որակյալ մասնագետների ներգրավմանը Հայաստանի աշխատաշուկայում: Ծրագրի համար կպահանջվի 90 մլն 240 հազար դրամ», - ասաց Սինանյանը:
Հանձնակատարի և գրասենյակի աշխատակիցների գործուղումների համար գրասենյակը ներկայացրել է 80 հայտ՝ 125 մլն դրամ արժողությամբ: