31/10/2019 19:33
Apple-ը եռամսյակի համար ռեկորդային բարձր հասույթ է ստացել
Ամերիկյան Apple ընկերության եռամսյակային հասույթն ավելացել է 2 տոկոսով՝ հասնելով պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին՝ 64 մլրդ դոլարի։ Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է չորեքշաբթի ընկերության հաշվետվությունում:
«Մենք փակել ենք 2019թ.-ի ֆինանսական տարին չորրորդ եռամսյակի հասույթի ամենաբարձր ցուցանիշներով, որն ավարտվել է սեպտեմբերի 28-ին։ Դա պայմանավորված է մեր ծառայությունների սեգմենտների, կրիչ էլեկտրոնիկայի և iPad աճի արագացմամբ», - նշել է ընկերության ղեկավար Թիմ Քուկը։
Նա նշել է, որ հասույթը միայն Apple-ի ծառայությունների մատուցումից 2019թ. ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում կազմել է ռեկորդային՝ 12,5 մլրդ դոլար։
Մաքուր շահույթը եռամսյակում կազմել է 13,686 մլրդ դոլար՝ նվազելով 2018թ. ֆինանսական տարվա նույն ցուցանիշի համեմատ, որը 14,125 մլրդ դոլար էր։ Վաճառքի ծավալը Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում հասել է 29,3 մլրդ դոլարի, Եվրոպայում՝ 14,949 մլրդ-ի, Չինաստանում՝ 11,134 մլրդ-ի, Ճապոնիայում՝ 4,982 մլրդ-ի, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 3,656 մլրդ-ի։
iPhone սմարթֆոնները նախկինի պես Apple-ին բերում են ամենամեծ հասույթը։ iPhone-ի վաճառքի ծավալները չորրորդ եռամսյակում կազմել են 33,352 մլրդ 2018 ֆինանսական տարվա նույն ժամանակաշրջանի 36,755 մլրդ-ի համեմատ։
Ընկերությունը հաշվետու շրջանում վաճառել է iMac համակարգիչներ՝ 6,991 մլրդ (7,340 մլրդ 2018-ին), iPad պլանշետներ՝ 4,656 մլրդ դոլարի (3,983)։
Ընկերության բաժնետերերի դիվիդենդները եռամսյակում գերազանցել են 21 մլրդ դոլարը։ Ընկերությունը կանխատեսում է, որ իր հասույթը 2020 թվականի առաջին եռամսյակում կկազմի 85,5-89,5 մլրդ դոլար, իսկ օպերացիոն ծախսերը՝ 9,6-9,8 մլրդ-ի սահմաններում։
Apple-ը հիմնադրվել է 1976 թվականին: Այն արտադրում է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետ համակարգիչներ, iMac համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iPod երաժշտական նվագարկիչներ և բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա։