31/10/2019 18:46
Դավիթ Սանասարյանից գումար պահանջելու մասին հրապարակման առթիվ քրգործ է հարուցվել
ՀՀ պետական վերահսկողության ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանից գումար պահանջելու վերաբերյալ հրապարակման հիման վրա հարուցվել է քրեական գործ, Aysor.am-ին ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Արևիկ Խաչատրյանը նշեց, որ դատախազությունը քրեադատավարական կարգով ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ուղարկել լրատվամիջոցներում հրապարակված «Սանասարյանը երեխայի ծնողներին մեղադրում է շանտաժի մեջ» վերտառությամբ հրապարակումը:
«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ՝ Ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով», - ասաց Ա. Խաչատրյանը։
«Նախաքննության կատարման համար քրեական գործն Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից ուղարկվել է նույն վարչական շրջանների քննչական բաժին: Հարուցված քրեական գործերով իրականացվելիք լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները և իրավական գնահատականներ կտրվեն դրանց առնչություն ունեցող բոլոր անձանց գործողություններին», - ավելացրեց Արևիկ Խաչատրյանը:
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ վրաերթի փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։
Հիշեցնենք՝ Analitik.am-ը գրել էր, որ Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին:
Հրապարակումից հետո Սանասարյանն ուղիղ հեռարձակմամբ հայտարարել էր, որ երեխայի մայրը հեռախոսազրույցի ընթացքում իրենից պահանջել է գումար՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում նրա վերաբերյալ արատավորող տեղեկություն կհայտնի լրատվամիջոցներին: