31/10/2019 17:16
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն է տվել դեկտեմբերի 12-ին արտահերթ ընտրություններ անցկացնելուն
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն է տվել Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկին՝ խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնել դեկտեմբերի 12-ին։ Չորեքշաբթի Լորդերի պալատը՝ օրենսդիր մարմնի վերին պալատը, կողմ է քվեարկել, որպեսզի մեկուկես ամիս հետո երկրում տեղի ունենան ընտրություններ:
Հաշվի առնելով, որ երեքշաբթի կառավարության՝ ընտրությունների անցկացման մասին առաջարկն արժանացել էր խորհրդարանի ստորին պալատի՝ Համայնքների պալատի հավանությանը, այժմ օրինագիծն անցել է խորհրդարանական քննարկումների բոլոր փուլերը։
Օրենքի կարգավիճակ այն պետք է ստանա, երբ ստորագրվի Եղիսաբեթ թագուհու կողմից։ Դրա համար հատկացվում է մեկ շաբաթից մի փոքր քիչ ժամանակ. որպեսզի ընտրությունները տեղի ունենան նշված ժամկետում, խորհրդարանը պետք է ընտրարշավի անցկացման համար ցրվի նոյեմբերի 6-ից ոչ ուշ։
Արտահերթ ընտրությունների միջոցով Ջոնսոնը փորձելու է փակուղուց հանել ԵՄ-ի հետ Brexit-ի պայմանների մասին խորհրդարանի համաձայնեցման գործընթացը։ Կառավարող Պահպանողական կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը Համայնքների պալատում, առանց որի չի կարող հոկտեմբերի 17-ին համաձայնեցված գործարքն իրականացնել ԵՄ-ի հետ։