31/10/2019 19:23
Կատալոնիայի ղեկավարը որոշել է հանրաքվեի պատճառով ինքն իր դեմ ցուցմունքներ տալ
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան հինգշաբթի այցելել է դատական մարմիններ, որպեսզի ինքն իր դեմ մեղադրական ցուցմունքներ ներկայացնի 2017 թվականին անկախության շուրջ հանրաքվեին մասնակցելու պատճառով, հայտնել է «Europa Press» գործակալությունը:
Հաղորդվում է, որ ինքնամեղադրանքների հետ կապված արշավը գործի է դրվել Կատալոնիայի անկախությունը պաշտպանող կազմակերպությունների կողմից՝ ի պատասխան տարածաշրջանի քաղաքական գործիչների գործով դատարանի վճռին: Տոռային ուղեկցել են նրա մի քանի կողմնակիցներ:
Տարածաշրջանի կառավարության ղեկավարը խնդրում է, որ իր նկատմամբ հետաքննություն սկսվի 2017 թվականի սեպտեմբերի 20-ին հանրահավաքներին և հանրահարցմանը մասնակցելու համար:
Ավելի վաղ այս արշավին արդեն միացել էին ինքնավար մարզի անկախության հարյուրավոր կողմնակիցներ:
Կատալոնիայի տարբեր քաղաքներում հոկտեմբերի 14-ից տեղի են ունեցել բազմամարդ ցույցեր: Դրանց անցկացման համար առիթ է դարձել Իսպանիայի Գերագույն դատարանի վճիռը, որը կատալոնցի այն քաղաքական գործիչներին, որոնք մասնակցել են անկախության հանրաքվեի կազմակերպմանը, բանտային կալանքի է դատապարտել մինչև 13 տարի ժամկետով: