01/11/2019 14:01
Եթե բանակցություններում ընդհանուր կառուցողական մոտեցում լինի՝ շատ արագ առաջ կշարժվենք. Զոհրաբ Մնացականյան
Բանակցություններում փորձում ենք ի հայտ բերել այն պարամետրերը, որոնք առավել բավարարում են մեր մտահոգություններն ու գերակայությունները, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման թեմային։
«Հուսով եմ, որ կամք կդրսևորվի նաև մյուս կողմից», - ասաց նա։
Անդրադառնալով բանակցային գործընթացի ներկա փուլին՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ինքը մշտապես աշխատում է ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։
«Այս ամենը ղեկավարվում է մեր ղեկավարների կողմից։ Նրանք ֆորմալ առումով հանդիպել են մարտին, անցած ամիս շփվել են Աշխաբադում։ Սա գործընթաց է, որտեղ երկրներն են աշխատում, և երկրների ղեկավարների մակարդակով է ուղղորդվում բանակցային գործընթացը։ Այնպես որ, պարզունակորեն ասել, որ ղեկավարները չեն հանդիպում, և բանակցային գործընթաց չկա՝ թյուրըմբռնում է», - ասաց ԱԳ նախարարը։
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ բանակցություններում դինամիկա կա, և եթե ընդհանուր կառուցողական մոտեցում դրսևորվի, հնարավոր կդառնա շատ արագ առաջ շարժվել։
«Կան լավ գաղափարներ, որոնք, հուսով եմ, հնարավոր կլինի կյանքի կոչել», - ասաց արտաքին գերատեսչության ղեկավարը։