01/11/2019 12:06
Անհայտ անձը Մարսելի բարում կրակոցներ է արձակել
Անհայտ անձը Ֆրանսիայի Մարսել քաղաքի բարում կրակոցներ է արձակել մարդկանց ուղղությամբ, 6 մարդ տուժել է, հայտնում է «Provence» թերթը:
Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել «Terminus» բարում տեղական ժամանակով 20:30-ի սահմաններում:
Տուժողներից մեկը ծանր վիճակում է:
«Ֆրանս Պրես» գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին, հայտնում է, որ հարձակվողը բարին է մոտեցել մոտոցիկլետով, կատարել մի քանի կրակոց և թաքնվել:
Գործակալությունը նշում է, որ նա դեռ ազատության մեջ է:
Իրավապահների տեղեկություններով՝ հրաձիգն օգտագործել է պոմպային հրացան. դեպքի վայրում հայտնաբերվել է 12 տրամաչափի 7 պարկուճ։
«France Bleu» ռադիոկայանի տեղեկություններով՝ մասնագետները չեն բացառում, որ դա «հաշիվների մաքրում» էր: Քննությունը կատարում է դատական ոստիկանությունը: Ռադիոն նշում է, որ այս նույն բարում 2017 թվականին Ծննդյան տոների նախաշեմին հրաձգության հետևանքով մահացել էր 26-ամյա տղամարդ: