01/11/2019 19:33
Իմ հերոսները պայքարում են այն արատների դեմ, որով լցված են մեր քաղաքն ու առօրյան. Լույս է տեսել Դավիթ Սամվելյանի «հակաՔԱՂԱՔական» գիրքը
Հոկտեմբերի 31-ին Խնկո-Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ ժամանակակից գրող, «Ռոդենի ձմեռը» և «Արտագաղթած կարոտ» բեսթսելերների հեղինակ Դավիթ Սամվելյանի նոր գրքի շնորհանդեսը: «հակաՔԱՂԱՔական»-ը երիտասարդ գրողի շուրջ երկու տարվա աշխատանքի արդյունքն է: Aysor.am-ի հետ զրույցում հեղինակը նկատեց՝ գրքում իրադարձությունների վայրը քաղաքն է, գիրքն էլ երկու շերտ ունի՝ սկզբում ամեն ինչ սահուն է գնում, իսկ երկրորդ շերտում հերոսների պայքարն է արատների դեմ:
«Իմ հերոսները պայքարում են այն արատների դեմ, որով լցված են մեր քաղաքն ու առօրյան: Իրենք փորձում են այդ ամենին դեմ գնալ, չնկատել, քանի որ այլ արժեհամակարգ ունեն», - նշեց նա:
Բազմաթիվ են Դավիթ Սամվելյանի առանձնացրած արատավոր երևույթներն ու այդ երևույթը կրող մարդիկ՝ սկսած տաքսիների վարորդների կոլորիտից մինչև որոշ ցուցարարներ, ովքեր քաղաքում քարոզում են արժեքներ, որոնք իրենք չեն կրում:
Ինչպես ինքն է ասում՝ բոլորն իրար հետ ավելի շատ քաղաքականությունից են խոսում: Մարդու հոգևոր, մշակութային զարգացմանն ամենուր ավելի քիչ տեղ է տրվում, քան քաղաքականությանը:
«Իմ միջավայրն իմ քաղաքն է, որտեղ ծնվել եմ, մեծացել, ապրում եմ: Այդպիսի մարդկանց շատ եմ տեսել, ու հիմա իմ հերոսների միջոցով փորձում եմ դեմ գնալ այդ արատներին: Այն երևույթին, երբ առավոտյան արթնանում ու մինչև աչքներներս փակելը ներծծվում ենք քաղաքականության մեջ: Չգիտեմ՝ ինչո՞ւ այսպես դարձավ, բայց պատկերն այս է», - շեշտում է Դ. Սամվելյանը:
«Եվ ի՞նչ են քաղաքները, եթե՝ ոչ մարդիկ» կրկնում է գրողն ու ավելացնում՝ իր համար քաղաքն այն մարդիկ են, որոնց հետ մեծացել է, ճանապարհ անցել, պատահաբար հանդիպել.
«Նրանցից շատերը, ցավոք, այսօր չկան, ու չկա այն քաղաքը, որը տեսել եմ: Այն թե մարդկային առումով, թե ճարտարապետության տեսանկյունից աղճատված է»:
Քաղաքականությունից զերծ «հակաՔԱՂԱՔական»-ը հրատարակվել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից՝ 1000 օրինակով:
Անդրադառնալով գրքի գնին՝ հեղինակն ընդգծեց, որ բավական մատչելի է ու հասանելի յուրաքանչյուրին: Կեսկատակ-կեսլուրջ էլ ավելացրեց՝ շատ ավելի մատչելի է, քան երկու հոգու համար սրճարանում ծախսած գումարը: