01/11/2019 16:22
Մեկնարկում է Երևանի Շեքսպիրյան 14-րդ թատերական փառատոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կազմակերպվող Երևանի Շեքսպիրյան 14-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա նոյեմբերի 1- 5-ը:
Այն կհյուրընկալի 6 երկրից ժամանած ավելի քան 90 մասնակիցների և հյուրերի` նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի տնօրենների՝ Լեհաստանից, Իտալիայից, Ղազախստանից, Իրանից և Ռուսաստանից:
Երևանյան 7 բեմահարթակներում կցուցադրվի 10 ներկայացում:
Երևանի Շեքսպիրյան 14-րդ միջազգային թատերական փառատոնի հեդլայներ կդառնան իտալական imPerfect Dancers Company-ի «Համլետ» և Ա.Ս. Պուշկինի անվան Օրսկի պետական դրամատիկական թատրոնի «Չափն ընդդեմ չափի» ներկայացումները:
Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև հատուկ ծրագիր` «FestOUT» խորագրով, որը նախատեսված է ուսանողների և անկախ թատերախմբերի համար:
Լավագույն աշխատանքը, որը կընտրեն լեհ և հայ փորձագետները, կմասնակցի 2020թ-ին Լեհաստանում աշխարհահռչակ «Գդանսկի Շեքսպիրյան Միջազգային Փառատոն»-ում անցկացվող «ShakespeareOFF» փառատոնի ծրագրում:
Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, պարային, մոնո, մուլտիմեդիային ներկայացումներ:
Երևանյան թատրոններից Երևանի Շեքսպիրյան 14-րդ միջազգային թատերական փառատոնի ծրագրում հանդես կգան Ռուսական թատրոնը, ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնները, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թատերախումբը:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, ժ. 16:00-ին՝ ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնում։