02/11/2019 11:00
Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Երևանում, մեծ իրադարձություն է. Տիգրան Մանսուրյանը՝ «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին
Նոյեմբերը 1-ին հայ մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նվիրված երեկոյով մեկնարկեց «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ ունեցան իտալացի մեծահամբավ թավջութակահար Մարիո Բրունելոն և ջութակահար Շուշան Սիրանոսյանը՝ կատարելով Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։
Մաեստրո Մանսուրյանն ընդգծեց, թե ուրախ է, որ Հայաստանում կայանում է նման մեծամասշտաբ փառատոն։
«Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Երևանում, մեծ իրադարձություն է։ Կատարողական մեծ վարպետություն ունեցող մենակատարներ են հանդես գալիս։ Մարիո Բրունելոն փառահեղ թավջութակահար է, իր գործի իսկական վարպետ։ Շուշան Սիրանոսյանը մեր ժամանակների ջութակի վարպետների թվում իր պատվավոր տեղն ունի։ Շատ սիրում եմ Շուշանի նվագը»,- ասաց մաեստրո Մանսուրյանը՝ հավելելով, որ համերգային ծրագիրն ընտրել է ինքը նվագախմբի հետ համագործակցաբար։
Ջութակահար Շուշան Սիրանոսյանը տեղեկացրեց, որ Մանսուրյանի Ջութակի թիվ 1 կոնցերտն արդեն իսկ կատարել է Եվրոպայում և շատ ուրախ է, որ այն ներկայացնում է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակում ու հատկապես հեղինակի առջև։ Ըստ Շուշան Սիրանոսյանի՝ Ջութակի թիվ 1 կոնցերտը շատ խորունկ ստեղծագործություն է և իր մեջ պարունակում է ազգային երաժշտության տարրեր։
Իտալացի թավջութակահար Մարիո Բրունելոն նույնպես բազմիցս կատարել է Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։ Նա նշում է, որ մաեստրո Մանսուրյանն ունի իր սեփական լեզուն երաժշտության մեջ՝ շատ պարզ, մաքուր արտահայտչամիջոցներով, որ խորապես հուզում է ունկնդրին։ Այդ երաժշտությունը միանգամայն հոգեհարազատ է Բրունելոյին։ «Մանսուրյանի երաժշտությամբ միանգամայն պարզ է դառնում, որ նա սերում է հինավուրց պատմություն ունեցող Հայաստան երկրից»,- ասում է թավջութակահարը։
Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց նաև չորս հատված Մանսուրյանի «Ձյունե թագուհին» բալետից։
Նշենք, որ «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։