04/11/2019 19:26
Վիետնամում ութ մարդու են ձերբակալել Մեծ Բրիտանիայում 39 միգրանտների զոհվելու գործով
Վիետնամում ոստիկանությունը ևս ութ մարդու է ձերբակալել Մեծ Բրիտանիայում միգրանտների զանգվածային զոհվելու գործով հետաքննության շրջանակներում, հայտնել է «VnExpress» տեղական հրատարակությունը:
Անգլիայի Էսեքսի կոմսության ոստիկանությունը հոկտեմբերի 23-ին 39 դիակ է հայտնաբերել բեռնատարում, որը Մեծ Բրիտանիա էր ժամանել Բելգիայից:
Մեկ շաբաթ անց իրավապահները հայտնել են, որ բոլոր զոհվածները Վիետնամի քաղաքացիներ էին: Անօրինական միգրանտների ուղարկման ցանցի կազմակերպմանը մասնակցելու կասկածանքով ութ մարդ ձերբակալվել է կիրակի Նգեանի նահանգում: Նշվում է, որ այդ տարածաշրջանի 21 բնակիչներ կորել են Մեծ Բրիտանիայում՝ երկիրը լքելով ապրիլից մինչև օգոստոս ընկած ժամանակաշրջանում:
Նահանգի իշխանությունները կորածների ազգականների ԴՆԹ-ի նմուշներ են հավաքում Էսեքսի ողբերգության զոհերի ճանաչման համար: Անցած շաբաթ Վիետնամի ոստիկանությունը Էսեքսի գործի հետաքննության շրջանակում երկու մարդու է ձերբակալել Հատինի նահանգում:
Մեծ Բրիտանիայում այդ սպանությանը մեղսակցության կասկածանքով ձերբակալված Է հինգ մարդ, այդ թվում՝ բեռնատարի վարորդը՝ 25-ամյա Մորիս Ռոբինսոնը՝ Հյուսիսային Իռլանդիայից: Ավելի ուշ ձերբակալվածներից երեքն ազատ են արձակվել գրավի դիմաց: Ռոբինսոնի գործով դատական լսումները կսկսվեն նոյեմբերի 25-ին: