05/11/2019 12:13
Ռուսական 102-րդ ռազմաբազան գեղեցկության համար չէ Հայաստանում տեղակայված. Զատուլին (Տեսանյութ)
ՀԱՊԿ երկրները կարևում են ահաբեկչական գործողությունների կանխարգելմանն ուղղված քայլերը, ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Դիտարկմանն՝ արդյոք վերջին օրերին Ադրբեջանի կողմից Տավուշի հատվածում խաղաղ բնակչության ուղղությամբ կրակոցներն ահաբեկչություն չի՞ որակվում և ինչպե՞ս է ՀԱՊԿ-ն արձագանքում դրան, Զատուլինն ասաց.
«Այսօրվա նիստում զեկույցներից մեկում նշվում էր, որ ԼՂՀ համակարտության գոտում կա լարվածություն»:
Ի պատասխան լրագրողներն ասացին, որ խոսքը ոչ թե Արցախի, այլ Տավուշի մասին է:
«Եթե Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, կարիք է տեսնում այդ հարցը դնել ՀԱՊԿ անդամ այլ երկրների առաջ, նա իրավունք ունի դա անել, բայց ես չեմ լսել, որ Հայաստանն այդ հարցը դնի: Դուք հիմա այն բարձրաձայնում եք, բայց պաշոնական Երևանն այդ հարցով ՀԱՊԿ չի դիմել», - ասաց Զատուլինը:
Զատուլինն ընդգծեց՝ որպես ՀԱՊԿ անդամ երկրներ իրենք միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն.
«ՌԴ-ն ՀՀ-ին դիտարկում է որպես դաշնակից և հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները: ՀՀ տարածքում մեր 102-րդ ռազմաբազան է գտնվում, որը գեղեցկության համար չէ այստեղ տեղակայված»: