05/11/2019 13:34
Չեմ կարծում, որ բալանսը խախտված է. Արբեջանը պարզապես ավելի շատ զինատեսակներ է առնում. Անդրանիկ Քոչարյան (Տեսանյութ)
ՀԱՊԿ-ը չի արձագանքում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետությանն ուղղված կրակոցներին, որովհետև դրա անհրաժեշտությունն այս պահին չկա, լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«ՀԱՊԿ-ը պատրաստ է արձագանքել, եթե դա վերաբերում է ՀՀ սահմանների անվտանգությանը: ՀՀ զինված ուժերի այսօրվա վիճակը թելադրում է, որ այսօր նա կարող է հենվել իր ուժերի վրա», - ասաց Քոչարյանն՝ ավելացնելով, որ այս տարի ՀՀ սահմաններին կրակոցներն ավելի քիչ են, քան նախորդ տարիներին:
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, Քոչարյանը պատասխանեց՝ դա որակելով «վատ» երևույթ։
«Դա շատ վատ բան է, բայց մի մոռացեք, որ նմանատիպ զենքով նաև մեր Զինված ուժերն են հագեցած և խնդիրը խաղաղության հասնելն է: Զենքի հավասարակշռության խնդիրը մշտական խնդիր է, և հակառակորդը պիտի չունենա առավելություն զինատեսակի առումով: Հիմա շատ է քննարկվում, որ նրանց բյուջեում հատկացումներն ավելի շատ են, մերը քիչ են, բայց մոռանում եք, որ նրանց Զինված ուժերն այլ կառուցվածք ունեն», - ասաց Քոչարյանն` ավելացնելով.
«Չեմ կարծում, որ բալանսը խախտված է: Ադրբեջանը պարզապես ավելի շատ զինատեսակներ է առնում»: