05/11/2019 17:50
Հայաստանում Հունաստանի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա. Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հունաստանի նախագահին (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած եղբայրական Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին։
«Մեր երկրների միջպետական հարաբերությւոնները շատ բարձր մակարդակի վրա են գտնվում և հույս ունեմ, որ մենք կկարողանանք այս բարենպաստ ֆոնի վրա առավել արդյունավետ տնտեսական համագործակցություն հաստատել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հունվարին սպասվում է եռակողմ ձևաչափով առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա Երևանում՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս։
«Դա էլ ավելի նպաստավոր կդարձնի մեր հարաբերությունները», - ընդգծեց ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում Հունաստանի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա։
«Մեր ժողովուրդը մեծ գնահատանքով է հիշում այն փաստը, որ դեռևս 1996 թվականին Հունաստանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ուզում եմ արձանագրել, որ 2015 թվականին Հայաստանի խորհրդարանը նույնպես ճանաչել է հույների, ասորիների ցեղասպանությունը։ Կարծում եմ՝ այս փաստը հիմք է ստեղծում, որ մենք գլոբալ անվտանգության հարցերում համագործակցության ուղիներ փնտրենք», - ասաց Ն. Փաշինյանը։
Հունաստանի Հանրապետության նախագահն էլ իր հերթին արձնագրեց, որ ուրախ է գտնվել Հայաստանում։
«Ես ուրախ եմ, որ Հայաստանը մասնակցում է հնագույն քաղաքակրթությունների ֆորումին, ինչը շատ կարևոր է», - ասաց նա։
Պրոկոպիոս Պավլոպուլոսի խոսքով՝ Հունաստանը ողջունում է, որ վերջերս ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։