05/11/2019 10:57
Տեղի է ունեցել քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի կամայական ու սխալ մեկնաբանություն. փաստաբանը՝ Արսեն Բաբայանի կալանավորման մասին
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբանական թիմի անդամ Երվանդ Վարոսյանը հրապարակել է հատված՝ Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքից։
«Կարծում ենք, որ այս առումով տեղի է ունեցել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի կամայական ու սխալ մեկնաբանություն: Սահմանադրական դատարանի լիազորության տիրանալ հանցակազմ առհասարակ կարող էր առկա լինել օրինակ հետևյալ երկու պարագաներում՝ ա/ «Փակվում» է Սահմանադրական դատարանը, փոխարենը ստեղծվում է օրենքով չնախատեսված անձանց խումբ, ովքեր Սահմանադրության խախտմամբ ստանձնում են ՍԴ լիազորությունները, բ/ տարատեսակ ճնշումներով, անվանարկող հոդվածներով, քրեական գործերի հարուցմամբ, մտերիմ անձանց կալանավորելով, «կամավոր» վճարվող թոշակի գնալու օրենսդրական առաջարկներով, հեռանալու ուղիղ հրապարակային պահանջներով կամ այլ եղանակով մարդկանց մի խումբ փորձում է հասնել ՍԴ նախագահի, ապա նաև որոշ դատավորների հրաժարականներին, փոխարենը ապահովում է Սահմանադրական դատարանում 5 դատավորի առկայություն, ովքեր պատրաստ են կատարել այդ խմբի կամքը», - նշված է բողոքում։
Բաբայանը, հիշեցնենք, մեղադրվում է իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Հոկտեմբերի 22-ին ՀՔԾ-ն որոշում կայացրեց ձերբակալել Բաբայանին: Դատարանը ոչ իրավաչափ էր համարել նրա ձերբակալությունը, սակայն բավարարել ՀՔԾ միջնորդությունը՝ Բաբայանին կալանավորելու վերաբերյալ։