05/11/2019 14:40
Հինգ կրակոցի համար ՀԱՊԿ-ին դիմելը կնշանակի, որ հայկական բանակը բավարար մարտունակ չէ. Մարուքյան
Չեմ կարծում, որ Հայաստանի վրա մի քանի կրակոցի պայմաններում մենք պետք է դիմենք ՀԱՊԿ-ին, թե եկեք, մեզ պաշտպանեք։ Դա կնշանակի, որ հայկական բանակը բավարար մարտունակ չէ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Մենք պետք է այնքան հզոր լինենք և այսօր էլ այնքան կանք, որ 5 կրակոցին ի պատասխան կարողանանք 500 հատ կրակել։ Այդպես արվում է, այդպես պետք է արվի։ ՀԱՊԿ-ի պայմանագիրը կարող է գործել, երբ լայնածավալ պատերազմ լինի և մենք պաշտոնապես դիմենք», - ասաց նա։
Հարցին, իսկ եթե ադրբեջանական կողմի կրակոցները պարբերակա՞ն բնույթ են կրում, Մարուքյանը պատասխանեց՝ դա նորություն չէ, հայկական կողմն այդ դեպքում պատշաճ պատասխանն գործողությունների է դիմում։
«Խնդիրն այն է, արդյոք ուզում ենք դիմել ՀԱՊԿ-ի աջակցությանը և ապագայի հետ կապված՝ պարտավորությունների տակ մնանք։ Ես չէի ուզի, որ դիմեինք այդ կառույցին, որ այն մեզ աջակցեր», - նշեց պատգամավորը։