05/11/2019 14:25
ՀԱՊԿ ԽՎ-ն երևանյան նիստի ընթացքում «գունավոր հեղափոխություններին» հակազդելու վերաբերյալ առաջարկություններ է ընդունել
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը Երևանում կայացած նիստում ընդունել է առաջարկություններ կազմակերպության անդամ երկրների համար՝ օտարերկրյա պետություններից հասարակական-քաղաքական իրավիճակի ապակայունացմանը հակազդելու վերաբերյալ:
Նախագիծը պարունակում է առաջարկներ՝ «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիայի դեմ պայքարում օրենսդրությունը ներդաշնակեցնելու վերաբերյալ:
Նշվում է, որ ժամանակակից իրավիճակը բնութագրվում է ազգային իշխանությունների գործառույթները փոխարինելու, միջազգային կառույցների կողմից կառավարելու և զանգվածային գիտակցության վրա կործանարար տեղեկատվական ազդեցություն ապահովելու փորձերով:
Առաջարկություններում նշված է, որ արտաքին ուժերը ոչ միայն ֆինանսավորում են անկայունություն ստեղծողներին, այլև իրենք են օգտագործում «փափուկ ուժի» գործիքակազմ, փորձում են կառավարությունների վրա ազդել կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների միջոցով:
Հայաստանի խորհրդարանը հայտարարել է, որ այդ առաջարկությունները չեն կարող կիրառվել երկրի օրենսդրությունում:
ՀԱՊԿ ԽՎ-ին ուղղված նամակում Հայաստանի խորհրդարանը նշել է.
«Նախագծի մանրակրկիտ ուսումնասիրությունից և քննարկումից հետո մենք հանգեցինք այն եզրակացության, որ այդ առաջարկությունները չեն կարող կիրառվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ», - հայտնում է «Ինտերֆաքս»-ը: