05/11/2019 11:23
Նախատեսվում է պետական պարտքի բեռի նվազեցում. Ատոմ Ջանջուղազյան
ԱԺ-ի և կառավարություն կողմից բոլոր ջանքերը ներդրված են, որպեսզի հասնենք բյուջետային գործընթացի համատեքստում արդյունավետության ամենաբարձր աստիճանին, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆիանանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
«Առաջինը, որ արժանի է ուշադրության, հարկային քաղաքականության բարեփոխումների մեկնարկն է։ Խոսքը տնտեսության մրցունակության բարձրացման մասին է։ Համոզված ենք՝ եկամտահարկի և շահութահարկի փոփոխությունները չեն կարող ուշացնել սպասվող արդյունքները։ Ինչ վերաբերում է 2020 թվականի կապիտալ ծախսերին, ապա դրանց հնարավորությունը 170 միլիարդ դրամով ավելի մեծ է, քան 2019 թվականի ճշտված ցուցանիշն է», - նշեց նախարարը։
Ատոմ Ջանջուղազյանը միաժամանակ հիշեցրեց, որ 2020 թվականի բյուջեով առողջապահության ոլորտի աճը նախատեսված է 22 տոկոս, 11 տոկոսով աճելու են կրթության և գիտության ոլորտի միջոցառումների հատկացումները, 11 տոկոս աճ կանխատեսված է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում։
Բացի այդ՝ գալիք տարվա բյուջեով նախատեսվում է պետական պարտքի բեռի նվազեցում։