05/11/2019 14:10
Պաշտպանները միջնորդեցին գրավով ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամներից Հայկ Ալումյանը հայտարարեց, թե միջնորդություն ունի, որը վերաբերում է խափանման միջոցին։ Պաշտպանական խումբը միջնորդել է գրավով ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։
Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասաց, որ անձի անձնական ազատության իրավունքը չի կարող ստորադասվել որևէ այլ իրավունքի։
Նշենք, որ, մինչ այդ, մեղադրող դատախազներն ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներն առարկում էին քննարկել խափանման միջոցի միջնորդությունը, սակայն դատարանը թույլատրեց ներկայացնել այն։
Արամ Վարդևանյանն ասաց, թե միջնորդում են գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի ու որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով՝ սահմանելով գրավի ողջամիտ չափ։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, սակայն, հայտարարեց, թե դատախազությունը շարունակում է պնդել, որ առկա է քննությանը խոչընդոտելու ու վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը։