06/11/2019 11:49
Առողջապահության ոլորտում իրականացվել է հակակոռուպցիոն ռազմավարության միայն 2 տոկոսը. Գևորգ Գրիգորյան
Առողջապահության նախարարության իրականացրած հակածխախոտային պայքարը թիրախավորել է միայն մեկ ընկերության։ Դա հնարավոր չէ չնկատել, բավական է նայել նախարարի ֆեյսբուքյան էջը, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը։
Անդրադառնալով առողջապահության ոլորտում կոռուպցիոն դրսևորումներին՝ բանախոսը նշեց, որ իրենց բարձրաձայնումները մնացել են մեդիա դաշտում, դրանցից հետևություններ չեն արվել։
«Խնդիր ունենք հակակոռուպցիոն ռազմավարության հետ, որը տարիներ առաջ ընդունվել է։ Այս ընթացքում իրականացվել է ողջ ռազմավարության միայն 2 տոկոսը։ Հակակոռուպցիոն միջոցառումները միայն մարդկանց բռնել, նստեցնելը չէ։ Դա հետևողական պայքարն է, ռիսկերի բացառումը, իրազեկումը, պատժի անխուսափելիությունն ու կանխարգելումը», - ասաց Գևորգ Գրիգորյանը։