06/11/2019 14:09
Սյուրի դղյակի վերականգնման համար ճապոնացիները մեկ շաբաթում 3,2 մլն դոլար են հավաքել
Ճապոնիայի բնակիչները մեկ շաբաթից քիչ ժամանակում հավաքել են 350 մլն իեն (ընթացիկ փոխարժեքով 3,2 մլն դոլար) Օկինավա հարավային կղզում Նահա քաղաքում Սյուրի դղյակի վերականգնման համար, որն անցյալ շաբաթ հրդեհի հետևանքով փաստացի ամբողջությամբ ոչնչացել էր, հայտնում է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:
Ներկայումս հանրային հանգանակությանը մասնակցել է 25 հազարից ավելի մարդ: Նշվում է, որ վերականգնման համար միջոցների հանգանակության ակցիան սկսվել է նոյեմբերի 1-ին՝ Սյուրիում կործանարար հրդեհի բռնկումից հետո արդեն հաջորդ օրը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ներառված կառույցը կրակը փաստացի ամբողջությամբ ոչնչացրել էր:
Ճապոնիայի կառավարությունն արդեն խոստացել է անհրաժեշտ ամեն ինչ անել այս պատմական հուշարձանի վերականգնման համար:
Սյուրի ամրոցը կառուցվել է XIV-XV դարերում, որի ճարտարապետության մեջ յուրահատուկ կերպով համադրվել է Չինաստանի և Ճապոնիայի ազդեցությունը, այն համարվում էր Օկինավայի յուրօրինակ մշակույթի խորհրդանիշը: 1945 թվականին համալիրն ամբողջությամբ ոչնչացել էր ամերիկյան դեսանտի և կղզու ճապոնական կայազորի միջեւ արյունահեղ մարտերի հետեւանքով: Դղյակը 1992 թվականին վերականգնվել էր հնագույն նախագծերին ճշգրիտ համապատասխանությամբ: