06/11/2019 19:42
Կատրին Դենյովը Փարիզում հոսպիտալացվել է
Ֆրանսիացի հայտնի դերասանուհի Կատրին Դենյովը լույս չորեքշաբթի գիշերը հոսպիտալացվել է Փարիզի հիվանդանոցներից մեկում, գրում է «Parisien» թերթը:
76-ամյա աստղի ստույգ ախտորոշումը չի հաղորդվում, նաեւ չի նշվում բուժհաստատությունը: Ինչպես նշում է պարբերականը՝ նա հոսպիտալացվել է ծանր վիճակում, ինչն ընդգրկուն հետազոտություններ Է պահանջում:
Կատրին Դենյովը ֆրանսիական կինեմատոգրաֆի խորհրդանիշներից մեկն է: Դերասանուհին աստղ է դարձել տակավին իր կարիերայի մեկնարկին. 1964 թվականին ամբողջ աշխարհն էր հուզմունքով հետևում նրա կատարմամբ պատանի Ժենևիևին «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմում:
Կինոնկարը ստացել է Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղը և հիացմունքով ընդունվեց ամբողջ աշխարհի հանրության կողմից:
Դերասանուհին նկարահանվել է ավելի քան 120 ֆիլմում, որոնց թվում են աշխարհի առաջատար ռեժիսորների, այդ թվում՝ Ժակ Դեմիի, Մարկո Ֆերերիի, Լուիս Բունյուելի, Անիես Վարդայի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Թոնի Սքոթի, Ֆրանսուա Օզոնի, Լարս ֆոն Թրիերի և շատ ուրիշների աշխատանքները: