07/11/2019 15:41
Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակում ենք ոչ այլ ինչ, քան քաղաքական ազդեցություն գործադրելու փորձ. Red Eagles
Հայաստանի ազգային հավաքականի Red Eagles ֆան ակումբը հայտարարությամբ է հանդես եկել։
«Հարգելի ֆուտբոլասերներ` հետևելով հայկական ֆուտբոլում տեղի ունեցող գործընթացներին, արատավոր դրսևորումներին և բացասական զարգացումներին, մինչ այժմ բազմիցս հայտնել ենք մեր մտահոգությունների մասին։ Ցավոք, ոչ միայն իրավիճակը չշտկվեց, այլև ստանում է էլ ավելի բացասական երագներ, քանի որ փորձ է արվում քաղաքականացնել ֆուտբոլը։
Մասնավորապես, ՀՖՖ գործկոմի անդամ, քաղաքական պաշտոն զբաղեցնող, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի երեկ արված հայտարարությունը, որը որակում ենք ոչ այլ ինչ, քան քաղաքական ազդեցություն գործադրելու փորձ։ Պետք է ընդգծել, որ անկախ Red Eagles ֆան շարժման և ՀՖՖ-ի միջև առկա տարաձայնություններից և խնդիրներից, անթույլատրելի ենք համարում ֆուտբոլի քաղաքականցման ցանկացած փորձ, կոչ անելով տուրք չտալ «գայթակղություններին», պահպանել կոռեկտություն և չեզոքություն, ցուցաբերել պրոֆեսիոնալիզմ, միաժամանակ տեղեկացնում ենք, որ ֆուտբոլի քաղաքականացման շարունակման դեպքում, երկրպագուներս ստիպված ենք լինելու անձամբ զբաղվել ֆուտբոլի ապաքաղաքականացմամբ»,-ասված է հայտարարությունում։
Նշենք՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի որոշամբ՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։
Դրանից հետո առողջապահության նախարար, ՀՖՖ գործկոմի անդամ Արսեն Թորոսյանը հայտարարել էր. «ՀՖՖ նախագահի նման վարքագիծն անընդունելի է և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանա ՀՖՖ գործկոմի ու ընդհանուր ֆուտբոլային հանրույթի կողմից»։