07/11/2019 19:07
«Ազատ դեմոկրատներ»-ն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններ ներկայացնող հարցեր
Այսօր Ազատ Դեմոկրատներ կուսակցության գրասենյակում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին:
Հանդիպմանը մասնակցել են Ազատ Դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, վարչության անդամ Նարեկ Այվազյանը, մամուլի խոսնակ Սոնա Մինասյանը, ԱՄՆ դեսպանատան քաղաքատնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Մերի Ալեքսանդրը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններ ներկայացնող հարցեր՝ մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը, անվտանգության և տնտեսության ոլորտում առկա մարտահրավերները, արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը:
Դեսպան Թրեյսին իր խոսքում շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել. «Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ Ազատ Դեմոկրատների հետ։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու իր հանձնառությանը, ինչպես դա եղել է մեր դիվանագիտական հարաբերությունների 27 տարիներին»։
Կարևորելով հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը, Խաչատուր Քոքոբելյանը շեշտել է, որ թե՛ Հայաստանը և թե՛ Միացյալ Նահանգները երկստեք անելիքներ ունեն Հայաստանում ամերիկյան ներդրումների ծավալն էապես մեծացնելու գործում, ինչն էլ հնարավորություն կտա տնտեսության և ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիայի և զարգացման:
Խաչատուր Քոքոբելյանը նաև բարձր է գնահատել Միացյալ Նահանգների ներդրումը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացում, ինչպես նաև իր երախտագիտությունն է փոխանցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից օրերս ընդունված Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի ընդունման կապակցությամբ: