07/11/2019 11:38
Կառավարությունը որոշեց այս տարվա ձմեռային զորակոչը սկսել նոյեմբերի 14-ից
Կառավարության այսօրվա նիստին պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացրեց Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին նախագիծը:
«Պարոն վարչապետ, ասեմ, որ այս տարի նախատեսվում է բուն զորակոչը սկսել ավելի շուտ՝ դեկտեմբերի 16-ից, հաշվի առնելով, որ հունվարի առաջին տասնօրյակում գրեթե զորակոչ չի լինում՝ ոչ աշխատանքային օրերի հետ կապված», - ասաց նա:
Գաբրիել Բալայանը նշեց, որ զորակոչային նախապատրաստական աշխատանքները նախատեսում են սկսել նոյեմբերի 14-ից:
«Որոշման ընդունման հրատապությունը դրանում է կայանում», - ասաց փոխնախարարը:
Նա նշեց, որ նախագծի երկրորդ հավելվածով սահմանվում է զորակոչային հանրապետական հանձնաժողովի կազմը, իսկ երրորդ հավելվածով՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը:
«Այս տարի մի նորություն ունենք, որ առաջարկել ենք ու շնորհակալ ենք առողջապահության նախարարության գործընկերներից, իրենց համաձայնությունն ունենք, որ նախագահելու է ոչ թե հանրապետության զինվորական կոմիսարն, այլ՝ առողջապահությա նախարարի տեղակալը», - ասաց Բալայանը:
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ իրենք նախագծի երրրոդ հավելվածի հետ կապված մտահոգություն ունեն:
«Եղել են որոշակի բանավոր քննարկումներ, որոնք չեն արձանագրվել, բանավոր քննարկումների ժամանակ քննարկված կամզը չի համապատասխանում նրան, ինչ որ այսօր նախագծի մեջ է ներառված, չենք պատրաստվում մեր համաձայնությունը տալ», - ասաց նա:
«Կարո՞ղ ենք էսպիսի մի լուծման գալ, որ ընդունենք որոշումը՝ հանձնարարելով, որ կազմի շուրջ համաձայնություն ձեռք բերվի և երբ որ համաձայնությունը լինի, միայն դրանից հետո ընդունելի լինի», - հետաքրքրվեց վարչապետ Նիկլո Փաշինյանը:
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց՝ մինչև վարչապետի ստորագրմանը ներկայացնելը՝ կաշխատեն, համաձայնեցված տարբերակով կներկայացնեն ստորագրմանը:
«Ավելի ընդունելի տարբերակ է», - ասաց վարչապետը։
Այսպիսով՝ կառավարությունը որոշեց 2019 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ հայտարարել ձմեռային զորակոչ, իսկ 2019 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ՝ զորացրում: