08/11/2019 12:36
Գրավ չկիրառելու հարցում երկակի ստանդարտ և կանխակալ վերաբերմունք ենք տեսնում. Հովհաննես Խուդոյան
Դատավոր Աննա Դանիբեկյանը մինչ այս իր վարույթում ունեցել է գործեր, երբ արձանագրելով, որ առկա են խոչընդոտելու հիմքեր, գրավ է կիրառել, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Երբ մեր գործով համանման պայմաններում նշվում է, որ գրավը չի կարող կիրառվել, մենք այստեղ տեսնում ենք երկակի ստանդարտ և կանխակալ վերաբերմունք։ Բայց, ամեն դեպքում, առաջնորդվում ենք դատարանի որոշմամբ», - ասաց փաստաբանը։
Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ իրենց համար անհասկանալի պատճառաբանությամբ դատարանը հիմք է ընդունել ընդամենը սահմանադրական խնդրի առաջին հատվածը, ոչ թե վերջնական որոշումը, որոշում է կայացրել, որ գրավը չի կարող բավարար միջոց լինել։
«Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ արդեն երկրորդ անգամ՝ առանց որևէ պատճառաբանության, ՀՀ ՍԴ որոշումներն անտեսվում են դատարանի կողմից, ինչը հետագա լուրջ իրավական խնդիրների հիմք է հանդիսանալու», - ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական թիմի ներկայացուցիչը։