08/11/2019 13:06
Ձեռնարկելու ենք օրենքով սահմանված բոլոր գործողությունները՝ ապահովելու ՀՀ երկրորդ նախագահի ազատության իրավունքը. Օրբելյան
Մենք շատ մեծ հաճույքով կմտնենք դատական վիճաբանությունների փուլ։ Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ, և գործը շատ արագ մտնի վիճաբանությունների փուլ, լրագրողների հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Արամ Օրբելյանը։
«Հիմա պարոն Քոչարյանը պատիժ է կրում ինչ-որ անհասկանալի մեկնաբանության պատճառով։ Կալանքն ապօրինի է, և քանի դեռ այն չի վերացել, մենք այդ ուղղությամբ անելու ենք բոլոր հնարավոր քայլերը։ Պարոն Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ։ Մենք համոզված էինք, որ այս գործը չէր կարող վարույթ ընդունվել։ Այն, ինչ նկարագրված է, հիմք չէ մեղադրանքի համար։ Նրա արարքներում հանցակազմ չկա, նրան որևէ գործողություն չի մեղսագրվում, մարդկանց մահերի, ընտրությունների, միտինգ ցրելու հետ կապված խնդիրներ չկան», - շեշտեց Արամ Օրբելյանը։
Փաստաբանը միաժամանակ ընդգծեց՝ ձեռնարկելու են օրենքով սահմանված բոլոր գործողությունները, որպեսզի ապահովեն ՀՀ երկրորդ նախագահի ազատության իրավունքը։