12/11/2019 12:49
Արծվանիկի պոչամբարի շահագործումը հինգ տարուց կավարտվի. կլինի նոր պոչամբար (Տեսանյութ)
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է Արծվանիկի պոչամբարի բարձրությունը ավելացնել ևս 40 մետրով։
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը նշում է՝ պոչամբարի շահագործումը սկսվել է սովետական տարիներին, որի շահագործման վերջին փուլում են գտնվում։
Պոլոսկովն ասում է, որ գործընթացը նախատեսվում է կատարել մոտավորապես տասը տարում, սակայն իրենք որոշել ու համաձայնության են եկել Կապան համայնքի հետ, որ շահագործումը կավարտեն ժամանակից շուտ՝ հինգ տարում։
«Այս կառույցի ստրատեգիկ վերլուծությունն անելիս՝ մենք տեսնում ենք, որ այն շատ հեռու է մեզանից, մեզ համար շատ բարդ է ապահովել ջրի վերաօգտագործումը։ Բացի դրանից, գտնվում է բնակեցված տարածքներում։ Մենք չենք նախատեսում ապագայում պոչամբար ունենալ մեր հանքից հեռու, նույնիսկ՝ մեր հանքից դուրս», - նշում է Պոլոսկովը։
ԶՊՄԿ-ն առաջիկա տարիներին համապատասխան նախագծերով կներկայանա հանրությանը, կառավարությանը, կստանա համապատասխան թույլտվություններն, ապագայում կավարտի պոչամբարի գործունեությունն ու կշարունակեն Կապան համայնքից դուրս։
Պոլոսկովն ընդգծում է՝ փոշին, որ առաջանում է պոչամբարի տարածքում, «մեղավորը» ավելի շատ ճանապարհներն են, որոնք բետոնապատված չեն, սակայն կատարվում են ջրով թրջման աշխատանքներ։
ԶՊՄԿ գլխավոր տնօրենի համար ամենակարևոր հարցը կառույցի կայունությունն է։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Սամվել Ալեքսանյանն էլ նշում է՝ երբ որ ջրի մակարդակը կհասնի 960 նիշի, դա կլինի վերջնակետը։
«Տարածքն արդեն հողաշերտով ծածկված է, ռեկուլտիվացիան արված է, կանաչապատվում է, ինչը շարունակական պրոցես է», - վստահեցնում է Ալեքսանյանը։