13/11/2019 14:00
««Հայոց պատմությունն» ու «Հայոց լեզուն» հանելուց հետո 1 տարվա ընթացքում ունենալու ենք տնտեսական հեղափոխությո՞ւն». Դեկան (Տեսանյութ)
ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը ակնկալում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ հրատապ քննարկում։
«Քննարկումը նախընտրելի կլիներ, որ տեղի ունենար ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, որովհետև շարժումը, կարծես թե, սկիզբ է առել այս ֆակուլտետում», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Յուրի Ավետիսյանն ընդգծեց՝ կարող են նաև այլ տեղում կազմակերպել քննարկումը, միայն թե, առաջարակում են, որ քննարկմանը անպայման մասնակցի նախարարը։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն ասաց, թե «Հայոց լեզուն» ու «Հայոց պատմությունը» ազգային անվտանգության, սերունդների դաստիարակման համար խիստ կարևոր, անհրաժեշտ առարկաներ են։
«Մեր ուսանողների դասադուլը, հիմնականում, մեկ նպատակ ունի՝ ուշադրություն գրավելու ու ինչ-որ տեղ հայեցակարգ մշակելու։ Ցավալին որն է, որ կոնկրետ այսքան հորդորները մնում են անպատասխան», - ասաց Մինասյանը։
Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ իր հերթին ասաց, թե գիտության ու կրթության ոլորտում շատ ու շատ խնդիրներ կան։
«Բայց, առաջին հերթին, կացինն իջավ հայագիտական առարկաների վրա։ Բազմիցս հարց են հնչեցրել՝ անգլերենի, ֆիզիկայի, բժշկագիտական առարկաների դասավանդումը բարձր մակարդակի է՞, ինչո՞ւ այդ առարկաները չեն հանվում», - ասաց Մելքոնյանը՝ նշելով, որ դասավանդում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։
«Եկեք տեսեք՝ լսարանը դատա՞րկ է, թե՞ լեցուն։ Մարդիկ գալիս են, լսում են, որովհետև վաղվա դիվանագետը Հայոց պատմություն պետք է իմանա, ինչպե՞ս կարելի է այդ առարկաները հանել», - ընգծեց Աշոտ Մելքոնյանը։
Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանն ասաց, թե ակնհայտ է՝ հասարակությունը մերժում է «Հայոց լեզուն» ու «Հայոց պատմությունը» ոչ պարտադիր դարձնելու նախագիծը։
«Այս նախագծով մեզ համար անընդունելի է ակադեմիայի նկատմամբ դրույթները, փաստորեն, Գիտությունների ազգային ակադեմիան փակվում է, մինչդեռ, մենք համոզված ենք, որ ԳԱԱ-ն եղել ու մնում է գիտության առաջատարը», - ասաց Կատվալյանն՝ ընդգծելով, որ հանկարծ ինչո՞ւ հայագիտական առարկաները դարձան վնասակար։
«Ես ասե՞մ, թե որտեղ կարող են մասնագիտական մասն ուժեղացնել՝ մագիստրատուրայում, ով չգիտի, որ մագիստրատուրան իրեն մինչև այսօր չի արդարացնում, ինչո՞վ են երկու տարի զբաղվում ուսանողները, թող մասնագիտական առարկաները խտացնեն մագիստրատուրայում», - ասաց Վ. Կատվալյանը։
Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն էլ ընդգծեց՝ միանում են բողոքին, ցանկանում են իրենց ձայնը բարձրացնել։
«Ստացվում է, որ վերջին տարիների ընթացքում, եթե մեզ չի հաջողվել տնտեսական թռիչքաձև զարգացում ունենալ, եթե մեզ չի հաջողվել Հայաստանը դարձնել սիլիկոնային հովիտ, ապա «Հայոց պատմությունն» ու «Հայոց լեզուն» է խանգարո՞ւմ։ Այսինքն՝ այս առարկաները հանելուց հետո մեկ տարվա ընթացքում ունենալու ենք տնտեսական հեղափոխությո՞ւն», - ասաց Էդգար Հովհաննիսյանը։