13/11/2019 16:02
Քննարկվում է լուծում, կգտնվի. Ատոմ Ջանջուղազյանը՝ ՀԱԷԿ վարկի մարման երկարացման դեպքում՝ հավանական 6 միլիարդ դրամի դեֆիցիտի առաջացման մասին (Տեսանյութ)
2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից՝ ինչպե՞ս է մարվելու ՀԱԷԿ-ի վարկի մարման երկարաձգման հետ կապված հավանական 6 մլրդ դրամի դեֆիցիտը:
«Ատոմակայանի հետ կապված վարկը պետք է երկարաձգվի ևս երկու տարի, դրա հետ կապված էլեկտրաէներգետիկ համարակարգում հավանական 6 մլրդ դրամի դեֆիցիտ է առաջանալու: Նախատեսո՞ւմ եք բյուջետայի վարկ դա լրացնելու համար, թե՞ ոչ», - հետաքրքրվեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Ի պատասխան Ջանջուղազյանն ասաց.
«Քննարկվում է լուծում, կգտնվի: Մենք դա կտանք որպես բյուջետային վա՞րկ, թե՞ ոչ՝ դեռ ժամանակ կա հասկանալու: Եթե չեմ սխալվում, մինչև 2020 թվականը հունվարը ժամանակ կա: Դա նույնպես կառավարությունն իր լիազորությունների շրջանակում կարող է անել, որովհետև կախված է և չափից, և ժամկետներից, և այն պայմաններից, որոնցով ենթադրվում է, որ այդ խնդիրը կլուծվի», - ասաց Ջանջուղազյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանն ու Ռուսաստանը դեռ քննարկում են ՀԱԷԿ-ի արդիականացման վարկի մարումները երկու տարով հետաձգելու հարցը: