13/11/2019 09:40
«Ժողովուրդ». Բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել են ծառայության գները
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով` Հայաստանում բեռնափոխադրող ընկերությունները բարձրացրել են ծառայության գները: Ավելացել է հատկապես Մոսկվա-Երևան ներմուծման արժեքը, ինչի արդյունքում գործարաններ կան, որոնք չեն կարողանում ամիսներ առաջ պատվիրած ապրանքը ներկրել Հայաստան:
ՌԴ-ում փայտի արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչ Մարինե Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է, թե 1 ամսից ավելի է շինարարության համար իրենց փայտ պատվիրած գործարարները չեն կարողանում այն տեղափոխել Հայաստան. Մոսկվայից Երևան տեղափոխելու համար բեռնափոխադրողները պահանջում են վճարել 3500 դոլար` նախկին 2500-2800 դոլարի փոխարեն: Հայաստանի էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանել է, թե գնային տատանումները պայմանավորված են առաջիկա ձմռան ամիսներին պահանջվող լրացուցիչ ծախսերով:
«Ժողովուրդ» օրաթերթն, ի դեպ, պարզել է, որ ՌԴ հյուսիս-կովկասյան մաքսային վարչությունում, Վերին Լարսի անցակետում կադրային փոփոխություններ են սպասվում՝ կապված անցակետի հերթերի ու դժգոհությունների հետ: