13/11/2019 17:43
«Կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերով՝ բառիս բուն իմաստով». Նիկոլ Փաշինյանը սպառնաց ԱԺ ամբիոնից (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քրեական հեղինակություններին քրեական պատասխանատվության ենթարկելու օրենք ունենալն անհրաժեշտություն է համարում:
«Քրեական ենթամշակույթը՝ կոռուպցիայի հետ միասին, ՀՀ-ից պետք է արմատախիլ արվի», - ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա անդրադարձավ այս օրերին ԲՀԿ-ական պատգամավորների կողմից հնչեցված հայտարարություններին, թե քրեական հեղինակություններն այսօր ՀՀ թիվ մեկ խնդիրը չեն, մասնավորապես իր խոսքում Փաշինյանը նաև ակնարկեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանին, ով այսօր հայտարարել էր, որ օրենքով գողերի պես խելոք մարդիկ չկան:
«Եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, որ այս հարցում կոմպրոմիսներ են լինելու կամ մտածում են, որ այս օրենքի հետ կապված կարող են միջնորդված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ՝ հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում ենք՝ կպառկացնենք ասֆալտին, հանկարծ մտքով չանցնի, կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերին՝ բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի՝ նախկին լինի, ներկա կլինի, որ հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի, թե կարա թպրտա: Կտանք պատերով, կպառկցնեն ասֆալտին, թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, այդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ», - ասաց Փաշինյանը:
Նա նկատեց՝ չի կարող երաշխավորել, որ օրենքն ընդունելով հնարավոր կլինի պայքարել քրեական հեղինակությունների դեմ ու, եթե օրենքը բավարար չլինի, ապա այլ մեթոդներ կձեռնարկեն:
Հիշեցնենք՝ երեկ ԱԺ հայտարարությունների ժամին, «Իմ քայլի» պատգամավոր Արփինե Դավոյանը նշել էր, որ Գյումրիի քրեական քրոնիկոնը թերթելիս՝ Ղուկասյան ազգանունները շատ են հանդիպում, իսկ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը չէր չբացառել, որ քրեական հեղինակություններին քրեական պատասխանատվության ենթարկել առաջարկող օրենքի նախագիծը կարող է «օրենքով գողերի անվան տակ մի շարք անմեղ մարդկանց գաղութ նստեցնելու պատճառ դառնալ»: Ղուկասյանը նաև պնդել էր, որ ՀՀ-ում կրիմինալ չկա, ապա ավելացրել՝ օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհում չկան: