13/11/2019 17:38
Այս ոլորտում չէի աշխատել, ժամանակին նմանատիպ բոլոր առաջարկները մերժել եմ. Սիլվի Բարկովա
Նախորդ ամռանը հնդիկ պրոդյուսեր, գործարարի հետ ընտանիք կազմած ու Հնդկաստան տեղափոխված հայ դերասանուհի Սիլվի Բարկովան արդեն 2 ամիս է՝ կրկին Հայաստանում է: Դերասանուհու Հայաստան վերադառնալը հանրության շրջանում մի շարք խոսակցությունների առիթ է դարձել, շատերը հասցրել են նրան ամուսնալուծել, այնինչ՝ հայրենիք վերադառնալու պատճառը միայն մեկն է՝ մորաքույր դառնալը:
«Քույրս երեխա է ունեցել, ինչն էլ պատճառ դարձավ, որ հայրենիք վերադառնամ, փոքրիկին տեսնեմ: Առիթն օգտագործելով՝ հարազատներիս հետ մի քիչ երկար ժամանակ եմ անցկացնում: Իսկ բաժանությանս մասին լուրը բացարձակ սուտ է, Աստված մի արասցե», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սիլվի Բարկովան:
Դերասանուհին մեկտեղ շտապեց հերքել նաև իր հղիության մասին լուրերը: Սիլվիի ամուսինն այս պահին Հայաստանում չէ: Հարցին՝ հեռավորության վրա ապրելը դժվար չէ՞, խանդը չի՞ խանգարում նրանց, ժպիտով պատասխանեց.
«Իհարկե, դժվար է, բայց երբ գիտակցում եմ, որ միևնույն է՝ ամբողջ կյանքս ապրելու եմ այդ մարդու հետ, նրա կողքին՝ այդ հեռավորությունն ավելի հեշտ եմ տանում: Ամուսնուս դեպքում այդպես չէ, իր համար բարդ է՝ և՛ խանդը, և՛ կարոտը խեղդում են»:
Ի դեպ, Հնդկաստան մեկնած հարսնացուն ամուսնու հայրենիքում դեռևս 11 ամիս է ապրել: Ասում է՝ այդ երկրում շատ բան իրեն դուր չի եկել, սակայն որոշ բաներ էլ առավել գրավիչ են, քան այստեղ: Այնուամենայնիվ, թե ապագայում որտեղ կապրեն՝ չգիտի, իր խոսքով՝ չի ցանկանում ժամանակից առաջ ընկնել, ամեն ինչ հանձնել է Աստծո տնօրինությանը:
Հայաստանում գտնվելու ընթացքում նաև աշխատանքի առաջարկ է ստացել, ու հիմա մայրաքաղաքի ժամանցային վայրերից մեկում որպես հաղորդավար է աշխատում:
«Երբեք այս ոլորտում չէի աշխատել, ժամանակին նմանատիպ բոլոր առաջարկները մերժել եմ: Բայց հիմա որոշեցի փորձել, ու լավ էլ ստացվում է», - նկատեց նա:
Այս պահին դերասանուհին ուժերը փորձում է որպես սցենարիստ:
«Ֆիլմի սցենար եմ գրում, չգիտեմ՝ երբ կսկսենք նկարահանումները, բայց անպայման կսկսենք», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Սիլվի Բարկովան: