14/11/2019 12:45
Իմ կալանավորումը մեկ նպատակ ուներ` հասնել Հրայր Թովմասյանի հրաժարականին. Արսեն Բաբայան
ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն իր հանդեպ քրեական հետապնդումն իրավաչափ չի համարում.
«Հերքողները, որ այս հետապնդումը քաղաքական էր, որպես հիմք պնդում էին՝ Արսեն Բաբայանը քաղաքական գործիչ չէ և իր նկատմամբ չէր կարող իրականացվել քաղաքական հետապնդում: Վստահեցնում եմ, որ նման հիմնավորումը չի ենթարկվում որևէ քննադատության, որովհետև պարտադիր չէ լինել քաղաքական գործիչ՝ քաղաքական հետապնդման համար», - ասաց Բաբայանը՝ լրագրողների հետ հանդիպմանը:
Նա ընդգծեց՝ ի սկզբանե ակնհայտ էր, որ հարուցված քրգործը քաղաքական բնույթ ունի: Բաբայանը մատնանշեց քրգործ հարուցելու որոշումը՝ 314-րդ հոդվածը՝ պաշտոնեական կեղծիք կատարելը՝ նշելով, որ դրանով քրգործ հարուցելու որոշում չէր կարող գոյություն ունենալ, քանի որ համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին կետով նախատեսվում է, որ քրգործ չպիտի հարուցվի այն բոլոր արարքների դեպքում, որոնք նախատեսում են մինչև 4 տարի ազատազրկում, հարուցված քրգործերը պետք է կարճվեն, քրեական հետապնդումն էլ՝ դադարեցվի.
«Քրգործի հարուցումը ոչ միայն չէր կարող լինել, այլ դրան հաջորդող ձերբակալությունը խայտառակ ապօրինություն էր: Չէր կարող նման գործողություն իրականացվել, հատկապես, եթե նկատի ունեն, որ ձերբակալության հիմքում դրվել էր թաքնվելը: Հարց է առաջանում՝ եթե մի արարք ոչ մի դեպքում չի նախատեսելու պատիժ, ո՞վ ու ինչի՞ պիտի փախներ տվալ դեպքում»:
Բաբայանն ընդգծեց՝ այս ամենն ուղղված է ՍԴ նախագահի դեմ, որի հրաժարականին հասնելու համար քաղաքական իշխանությունները կանգ չեն առնի:
«Այս ամբողջ գործողությունները միտված են մի նպատակի՝ հասնել Հրայր Թովմայսանի կամ հրաժարականին, կամ որևէ այլ եղանակով Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատելուն: Դրա հետ կապված քաղաքական իշխանությունը կանգ չի առնում որևէ բանի առաջ», - ասաց նա:
Ապագա գործողությունների մասին խոսելով՝ Բաբայանն ասաց, պիտի հասնի իր դեմ հարուցված քրգործի կարճմանը:
Հիշեցնենք՝ Արսեն Բաբայանն ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից երկու օր առաջ: Նրան ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: