14/11/2019 13:04
Գործողություններ են արվել, որ մինչև 2035 թիվը թույլ չեն տալու ունենալ երազանքի Սահմանադրական դատարան. վարչապետ
Կառավարությունը որոշեց Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում՝ նրա լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ըստ նախագծի՝ այդ իրավունքից չեն կարող օգտվել «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, ըստ Սահմանադրության, Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավորման 12 տարի ժամկետ է սահմանված, նախատեսվում է, որ դատարանի նախագահը պետք է ընտրվի ՍԴ անդամների կողմից՝ վեց տարի ժամկետով և այս բոլոր դրույթներն արդեն ուժի մեջ են մտնել:
«Այս դրույթներն ամբողջությամբ ուժի մեջ են մտել, բայց այս սահմանադրական փոփոխություններով նախատեսված դրույթները հնարավոր չի իրականացնել առնվազն մինչ 2035 թվականը: Փաստորեն, մի կողմից հեղինակներն ասել են, որ երազանքի Սահմանադրական դատարանի մոդելը գտել ենք, բայց մյուս կողմից՝ գործողություններ են արել, որոնք մինչև 2035 թիվը թույլ չեն տալու ունենալու այդ երազանքի Սահմանադրական դատարանը», - ասաց վարչապետը:
Նա նշեց, որ Հայաստանում տասը տարին մեկ Սահմանադրական փոփոխությունների հարց է բարձրացվում և, եթե այդ տրամաբանությամբ գնանք, կարող է երբևէ լինի իրավիճակ, որ փոխվեն դրույթները:
«Այդ տրամաբանությամբ կստացվի, որ Հայաստանում ուժի մեջ սահմանադրական դրույթները չեն կիրառվում և սա իրավակիրառ պրակտիկայի աբսուրդներից մեկն է: Այս օրենքով հնարավորություն ենք տալիս, որ այդ խնդիրը լուծվի», - ասաց վարչապետը:
Նա նշեց՝ սրանով հնարավորություն են տալիս, որ մարդիկ աջակցեն իրենց իսկ երազանքի դատարանի գործելուն՝ առանց սոցիալական կորուստների:
Վարչապետն ասաց՝ այս հարցը գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ քննարկել են և այն դեռ պետք է ուղարկել Ազգային ժողովի քննարկմանը: