14/11/2019 12:09
Մոսկվայում սպանել են թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանին
Թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն (Քիկբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով) Աշոտ Բոլյանը Մոսկվայի հարավ-արևմուտքում սպանվել է։ Այս մասին ТАСС-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
«Նախօրեին՝ երեկոյան ժամերին, 40-ամյա մարզիկը Նախիմովի պողոտայում գտնվող տնից դուրս է եկել և շարժվել դեպի իր ավտոմեքենան, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել նրա ուղղությամբ, այդ թվում՝ գլխին, ու դիմել փախուստի», - ասել է գործակալության զրուցակիցը։
Այս տեղեկությունը ТАСС-ին հաստատել է երկրի Քննչական Կոմիտեի Մոսկվայի քննչական գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլյա Իվանովան։
«ՔԳՎ քննչական մարմինները հարուցել են քրեական գործ՝ «Սպանություն» և «Զենքի ապօրինի կրում» հատկանիշներով: «Քննության տվյալներով՝ նոյեմբերի 13-ի երեկոյան՝ բնակելի տան մոտ, որը գտնվում է Նախիմովի պողոտայում, անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել 1979 թվականին ծնված տղամարդու ուղղությամբ, որոնցից նա մահացել է դեպքի վայրում», - տեղեկացրել է ՔԳՎ ներկայացուցիչը։
Իրականացվում են քննչական գործողություններ և օպերատիվ-որոնողական միջոցառումներ։
Բաց աղբյուրների տվյալներով՝ 40-ամյա Աշոտ Բոլյանը Քիկբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն է, միջազգային տարբեր մրցաշարերի 17-ակի չեմպիոն։
Նա գլխավորել է Հայկական մարզական ֆեդերացիաների համաշխարհային ասոցիացիան։ Բացի այդ, եղել է Մոսկվայում գրանցված «Կարատ» ընկերության գլխավոր տնօրենը, որը կապված է սպորտի ոլորտի հետ։