14/11/2019 11:47
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հաղորդում ներկայացրեց ԱԱԾ և ոստիկանություն (Տեսանյութ)
Կառավարության դիմաց բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներից մեկը զանգահարեց Ազգային անվտանգության ծառայություն՝ ասելով, թե ցանկանում է հաղորդում ներկայացնել, որպեսզի քրեական գործ հարուցվի Նիկոլ Փաշինյանի հայտարարության հիման վրա։
«Ազգային ժողովում պարոն Փաշինյանն իր ելույթում ասաց, թե երկրորդ քաղաքը կիսով չափ թալանել է մի քաղաքացի։ Հիմա միջնորդություն եմ ներկայացնում՝ նյութեր նախապատրաստելու համար։ Նյութեր նախապատրաստեք և քրեական պատասխանատվության ենթարկեք երկրորդ քաղաքը թալանած ինչ-որ մեկին, Նիկոլ Փաշինյանին ներգրավվեք որպես վկա, թող բացահայտի, թե խոսքն ո՞ւմ մասին է և որտեղի՞ց իրեն էդ տեղեկությունը։ Էս ձեզ պատգամ՝ քաղաքացու կողմից», - ասաց քաղաքացի Արկադի Գալստյանը։
ԱԱԾ աշխատակցին քաղաքացին ասաց՝ գիտի, որ Փաշինյանը հանձնարարել է քրեական օրենսգրքով չառաջնորդվել, այլ առաջնորդվել հրահանգով։
«Հետևաբար, այդ հրահանգը ես տալիս եմ ձեզ, դուք հարուցեք այդ գործը։ Եթե օրենքով չեք առաջնորդվում, հետևաբար, իմ հորդոր-պատգամով առաջնորդվեք», - ասաց քաղաքացին։
Քաղաքացին զանգահարեց նաև ոստիկանություն։
«Վարչապետը՝ սուրբ Նիկոլ Ամենափրկիչ ոսկեբերանը, հայտարարում է, թե երկրորդ քաղաքը թալանել են։ Որպես վկա ներգրավվեք վարչապետին և գործ հարուցեք», - ոստիկանույության աշխատակցին ասաց քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում։