15/11/2019 14:10
Սերժ Սարգսյանը չէր հայտարարել, որ պատրաստ է հանձնել շրջաններ. Արտակ Զաքարյան
Հայաստանը բանակցում էր այն փաստաթղթի վերաբերյալ, որտեղ ԼՂ ինքնորոշման սկզբունքը հստակեցված է, որի ստորագրումից հետո ԼՂ-ն վերադառնալու էր բանակցային գործընթաց՝ որպես պաշտոնական կողմ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Սերժ Սարգսյանը չէր հայտարարել, որ պատրաստ է հանձել շրջաններ: Սարգսյանի հայտարարությունը ոչ թե նրա շուրջ էր, որ Հայաստանը բանակցում է շրջանների վերադարձի մասին, այլ, որ Հայաստանը բանակցում է այն փաստաթղթի վերաբերյալ, որտեղ ԼՂ ինքնորոշման սկզբունքը հստակեցված է, որի ստորագրումից հետո ԼՂ-ն վերադառնալու էր բանակցային գործընթաց՝ որպես պաշտոնական կողմ», - ասաց Զաքարյանը:
Վերջինս պնդեց՝ նախկին նախագահը նպատակ ուներ հարցի խաղաղ կարգավորման գործընթաց առաջ տանել:
«Այսօրվա փակուղային իրավիճակը ռիսկային է այն առումով, որ մենք ավելացնում ենք Ադրբեջանի քաղաքական ռեսուսրենրը՝ աշխարհին համոզելու, որ Հայաստանը ապակառուցողական է, որևէ բանակցային դիրքորոշում չի ձևավորում, հայտարարել է անորոշ սկզբունք՝ այնպիսի լուծում գտնել, որը երեք կողմերի համար ընդունելի լինի, բայց չի ասվում, որոնք են այդ լուծումները», - ավելացրեց Զաքարյանը: