15/11/2019 10:55
Քաղաքական մեծամասնությունը տալիս է խոստումներ, որոնք չի կատարում կամ կատարում է տրամագծորեն հակառակը. Գորգիսյան
Քաղաքական մեծամասնությունը կյանքի չի կոչում տված խոստումները, խորհրդարանում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
«Քննադատել եմ քաղաքական մեծամասնությանը, որ տալիս են խոստումներ, որոնք չեն կատարում կամ կատարում են տրամագծորեն հակառակը», - ասաց Գորգիսյանն՝ անդրադառնալով կրթության ոլորտին տրամադրվող ֆինանսական միջոցներին:
Ըստ պատգամավորի՝ դրանք ոչ միայն բավարար չեն, այլ կան ծրագրեր, որոնց 2020 թվականի բյուջեով ֆինանսավորում չի տրամադրվել, մինչդեռ դրանք, մասնավորապես, հայագիտության ոլորտում գիտական կադրերի պատրաստմանն ու արտասահմանյան համալսարաններում հայոց լեզվի դասավանդման կազմակերպանն ուղղված ծրագրերին միջոցներ չեն ուղղվել:
«Այս ծրագրերը գրեթե 100 տոկոսով կատարվել են, իսկ 2020 թվականի բյուջեով դրանց համար ունենք 0 դրամ, և սա այն պարագայում, երբ մեր հարևանները՝ և՛ արեևելյան, և՛ արևմտյան, շարունակում են մեր մշակութային արժեքները յուրացնել՝ սկսած լավաշից ու տոլմայից, վերջացրած դուդուկով, քամանչայով, պարերով: Մենք կրճատում ենք հայոց լեզվի դասավանդումը, որը կար, ֆինանսավորվում էր ու փաստորեն ուներ պահանջարկ, որովհետև բյուջեի կատարողականով մոտ 80 տոկոսից ավելի գումար է ծախսվել դրա վրա, բայց մենք ուղղակի որոշել ենք, որ դա պետք չի», - ասաց Գորգիսյանը:
Նա կոչ արեց վերանայել կրթության ոլորտին տրամադրվող ֆինանսական միջոցները: