15/11/2019 11:52
Իշխանությունների իրարամերժ հայտարարությունների միջոցով բանակցային գործընթացը տարվել է փակուղի. Շահնազարյան (Տեսանյութ)
Նախկին, ավանդական դարձած վտանգներին ավելացել են տարածաշրջանային, նոր որակի վտանգներ, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:
«Այս իշխանությունները բազմաթիվ են իրարամերժ հայտարարություններ անում, բայց ես մեկն եմ ուզում առանձնացնել: Ներկայիս իշխանությունը բանակցային գործընթացը ոչ թե շարունակում է այն կետից, ուր հասել էինք մինչև 2018 թվականի մայիս ամիսը, այլ նոր կետից է սկսում: Ո՞րն է նոր կետը, առաջինն այն է, որ ներկայիս իշխանություններն ընդհանրապես չեն ուզում խոսել ինքնորոշումից: Եվ եթե ինչ-որ ելույթում դա ասվում է, անմիջապես համեմվում է այնպիսի գնահատականներով, որոնք էապես հակասում են հենց ինքնորոշմանը», - ասաց Դավիթ Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ բանակցային գործընթացն իշխանությունների կողմից հնչեցվող իրարամերժ հայտարարությունների և դիրքորոշումների միջոցով տարվել են փակուղի:
«Ամենավառ ապացույցն այն է, որ Բաքուն հայտարարում է, թե կա փաստաթուղթ, Հայաստանն ասում է՝ չկա: Ակնհայտ է, որ այս վիճակի պատասխանատուն մենք ենք, քանի որ էապես փոխվել է իրավիճակը, որ կար: Հիմա արդեն միջազգային հանրությունն ու Ադրբեջանն են մի դիրքում, իսկ Հայաստանը՝ մեկ այլ դիրքում: Սա մեծագույն վտանգ է մեզ համար», - ասաց Շահնազարյանը:
Այսպես շարունակվելու դեպքում, ըստ Դավիթ Շահնազարյանի, միջազգային որևէ համաժողովում սեղանին կդրվի մի փաստաթուղթ, որը հայկական կողմի համար անընդունելի կլինի, և առավելագույնը, որ այդ դեպքում Հայաստանը կկարողանա անել, վետո դնելն է:
Շահնազարյանը քիչ հավանական համարեց, բայց չբացառեց, որ առաջիկայում ԵԱՀԿ նախագահական գագաթաժողովում գուցե նման փորձ կատարվի:
«Ինքնորոշման սկզբունքը պետք է լինի բանակցությունների հիմքում, ինչպես եղել է հակամարտության ողջ ընթացքում: Պետք է բացառել այդ սկզբունքին ոչ թե հակասող, այլ ստվեր գցող որևէ հայտարարություն: Կարևորագույն խնդիր է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթաց սկսի: Սա պետք է համարենք համահայկական խնդիր: Պետք է բացառենք բանակցային սեղանին որևէ փաստաթղթի քննարկում, որում ամրագրված չէ, որ Արցախի Հանրապետությունը դառնալու է միջազգային իրավունքի սուբյեկտ», - հայտարարարեց Դավիթ Շահնազարյանը: